Անքնություն՝ անդավաճան, հարազատ,
Անայցեքարտ ինձ այցելող հին ընկեր,
Քեզ հետ, ահա, ճանապարհին անավարտ
Վերհիշում ենք հին բարքերը անվավեր։
Հիշողության լաբիրինթից ետ դարձանք.
Սառած թռչունն ինչու՞ էր մեզ միշտ հուզում.
Անպատասխան հարցաշարին պատասխան՝
Լուսնահաչող շներն էին կաղկանձում։
Անքնություն՝ թմբիրի դեմ մարտնչող,
Սթափ մտքից մինչև կապու՜յտ երազանք,
Ձվի-հավի առաջնությունը քննող
Մի անարժեք ակնթարթ էր այն ներկան։
Մութ խորշերը՝ հին դևերով լեփլեցուն,
Շրջանցեցինք. Անգամ չէինք նկատում,
Բայց մեղեդին, որ ծորում էր գիշերում,
Վաղու՜ց արդեն սերենադ չէր հիշեցնում։
Հեռու ենք մենք թոհուբոհից դիվական.
Ականատեսն՝ այդ անիծյալ նենգ խաղի
Եվ բյուրավոր կորուստների լուռ վկան,
Որ ցողեցինք արտասուքով մեր աղի։
Անքնություն՝ խորհրդավո՜ր, ոգեղե՜ն,
Քեզ ուղեկից՝ հրեշտակներ պահապան,
Մուսաները թող քո փառքը գովերգեն,
Երբ արթուն է սահմանապահ մեր տղան...
12. 01. 2024
Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ